Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Հայը» էսսեի ո՞ր հայն ենք

«Հայը» էսսեի ո՞ր հայն ենք
30.10.2015 | 10:39

Միշտ հպարտություն եմ ապրել Ջավախք աշխարհի ազնիվ, խիզախ, տաղանդավոր, շռայլ և մեծահոգի զավակների հետ առնչվելիս, երբ ազգի բարձրագույն որակները պահպանված եմ տեսել այդ բարձրիկ լեռնաստանում ծնունդ և սնունդ առած հայորդիների մեջ, արվեստասեր և արվեստակիր հոգիների թռիչքները համարել ողջ հայ ժողովրդի թռիչքը՝ անկախ նրանից, թե որ երկրի «երկնակամարն» են այդ թռիչքով զարդարում։

Սակայն նյութապաշտության, մշակույթն անտեսելու սարդոստայնը սկսել է ջավախքցիների սրտերին էլ փառ կապել. ցուցամոլության ցուցանակը շատ բարձր ձող ունի մեր օրերում, ի՞նչ կարող ես անել։ ՈՒնենք-չունենք մի... Ջիվանի, ում տուն-թանգարանը միայն վերջերս բացվեց Կարծախում, մի... Տերյան, ում տուն-թանգարանը միայն հուլիսի նախավերջին կիրակին է մշակութային «մագնիսի» նման դեպի իրեն ձգում, և մի... Դեմիրճյան, ում երևանյան տուն-թանգարանի վերանորոգումը մշակույթի նախարարը դարձրել է ռուսի «завтра»-ն` ամեն տարի ասելով՝ «եկող տարի»։
Լավ, ընդունենք, թե տիկին նախարարի համար ո՛չ ի պաշտոնե, ո՛չ որպես հայ՝ հայրենասիրության դրսևորում չեն մեծ հայի՝ իմաստուն, փիլիսոփա գրողի, սրալեզու երգիծաբանի հիշատակը և ծանրակշիռ վաստակը արժևորելն ու ըստ պատշաճի ներկայացնելը, հապա ջավախքցինե՞րը. գոնե նրանք նախանձախնդիր պիտի լինեն այս հարցում։
Քանի՜ տարի է՝ ինքնայրումով տուն-թանգարանը մշակութային գողտրիկ, փոքրիկ օջախ դարձրած նվիրյալ վարիչ Կարինե Ռաֆայելյանն իր բոլոր հարցազրույցներում բարձրաձայնում է և՛ թանգարանի վերանորոգման, և՛ գրողի արձանի մասին։ Սակայն, զարմանալի զուգադիպությամբ, երբ այս հարցը բարձրացվում է, բոլորն... «ականջացավով» են տառապում։ Այնինչ որքա՜ն մեծահարուստ ջավախքցիներ կան անծայրածիր Ռուսաստանում։ Ամռանը Ջավախքի ավելի քան 10 գյուղերում խաչքարեր տեղադրվեցին՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին (իմա՞ստը), տարին մի գյուղում նոր եկեղեցի են կառուցում, անձնական-կենցաղային անտեղի-ցուցամոլ շռայլումներն ի բացառյալ։ Տարօրինակ է ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, հատկապես՝ Տաճատ Վարդապետյանի և նրա քենակալ Ստեփան Մարգարյանի (ջավախքյան արմատներով մի քանի պատգամավորներ էլ կան) անտեղյակ, թե անտարբեր կեցվածքը (գուցե կուսակցական վազվզոցներից աչք չե՞ն բացում)։ Անկարո՞ղ են մի տուն-թանգարան արժանապատիվ տեսքի բերելու, համագործակցելու Կարինե Ռաֆայելյանի հետ՝ ի նպաստ թանգարանի։ Շահութաբեր չէ՞։ Իսկ պատվաբե՞ր է։ Թե՞ համազգային հանգանակության կոչ անենք՝ համոթ մշակույթի նախարարության և մեծահարուստ, պաշտոնյա ջավախքցիների։
Կորուստների գնացքը դուրս է եկել ժամանակի կայարանից և առանց չվացուցակի սլանում է՝ հանգրվան առ հանգրվան մեծացնելով շարժակազմը. մշակութային և մարդկային արժեքների կորուստներ, նյութական, բարոյական և հոգևոր կորուստներ։ Մինչև ո՞ւր, մինչև ե՞րբ. մինչև ոչինչ չմնա՞ կորցնելու։
Մշակույթի նախարարությանը անփույթ և խոստումնազանց լինելու «ապուրը» շատ է դուր եկել՝ ամեն տարի «ճաշակում» է այն, «խլականջությունն» էլ ջավախքցիների՞ն է դուր եկել, որ «տառապում» են դրանով։ Առաջարկում եմ մեկ պտղունց արժանապատվություն՝ «ապուրի» համար, և պատասխանատվության մեկ դեղահաբ՝ խլականջության դեմ։ Միգուցե անմահ «Վարդանանքի», «Քաջ Նազարի», «Պույ-պույ մուկիկի», «Ավելորդի», «Հայը» էսսեի և շա՜տ ու շատ մեծարժեք գործերի հեղինակ, մեծ հայորդի Դերենիկ Դեմիրճյանի հանդեպ այս անարդար անտարբերության արմատը կհատվի։ Բավական է և այն անարդարությունը, որ մեծագույն գրողը, գեղագետը, ում լեզուն անգերազանցելի են համարել Չարենցը և Սևակը, իսկ Շիրազը «Վարդանանքը», որպես «ազգ պահող զինվոր», դրել է «Նարեկի» կողքին, Կոմիտասի անվան պանթեոնում չի հանգչում։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ